15.5.12

Թատրոնը` մշակութային աղոթատեղի

Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ստեղծագործական երկար և դժվարին ճանապարհ է անցել: Այսօր կարող ենք ասել` ունենք այն, ինչ որ ունենք` վախենալով մտածել, որ վաղվա օրը կարող է ավելի մշուշոտ լինել:
Թատրոնի մերօրյա խնդիրները շատ-շատ են, կիսատ աշխատանքներ միշտ էլ կան, բայց պետք է լուծում տալ դրանց, որ հետագա սերունդներին փոխանցելու մշակութային ժառանգություն լինի:
Համլետ Հարությունյանը 2005թ-ից  ղեկավարում է թատրոնը: Խոսելով այսօրվա խնդիրներից` նշում է.
<Թատրոնը ծախսատար կառույց է, որը մշտապես ուշադրության կարիք ունի, և  կադրային առումով, և նյութատեխնիկական առունով, ու էլի շատ հարցերում` կապված թատրոնի համակարգման հետ, որոնք կարող են խթան հանդիսանալ առաջընթացի համար: Դեռևս չլուծված խնդիրներ ունենք. դերասանների աշխատավարձները ցածր են, հատկապես վերջին տարիներին կին դերակատարների պակաս ունենք, որը թվում էր` լուծելի կլիներ ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի միջոցով, բայց, ցավոք, կա այդ խնդիրը>:
 Թատրոնն այսօր ռեժիսոր չունի, և  այս առումով հաճախ տուժում է ստեղծագործական աշխատանքը: Տարբեր ժամանակներում մայրաքաղաքից հրավիրվել են ռեժիսորներ, ովքեր մեկ-երկու ներկայացում բեմադրելուց հետո գնացել են Գորիսից: Տարիներ առաջ Վիգեն Ստեփանյանը թատրոնում բեմադրեց <Տերն ու ծառա> ներկայացումը,  որը մի շարք փառատոններում մեծ հաջողություններ ունեցավ:
 Ռեժիսորի աշխատանքը որոշակիորեն ստանձնել է բեմադրող ռեժիսոր` ՀՀ վաստակավոր դերասան Ս. Սայունցը: Պարոն Սայունցը մեծ ցավ է ապրում այսօրվա թատրոնի կյանքի համար ու, ինչպես ինքն է ասում. <Ծանր վիճակ ենք ապրում, հատկապես թատրոնի առումով>: Նա սրտի կսկիծով է նշում, որ թատերական աշխարհն այսօր ետ է մղվել հասարակական կյանքից. դերասանը միշտ ցանկություն ունի խաղալու, երբեք ջանք չի խնայում, բայց մյուս կողմից հանդիսատեսի պակաս է զգացվում:  Թատրոն չհաճախելը այս պարագայում գումարի հետ կապված չէ, քանի որ  մարդիկ եռակի անգամ են վճարում մի անճաշակ երաժշտություն լսելու համար: Ցանկությունն անսահման է, որ շատ խաղան, բեմադրությունները հաջորդեն մեկը մյուսին:
Թատրոնի առաջատար դերասան Ս. Մկրտչյանը  հավելեց.
<Ոչ մի դերասան 40-45 000 դրամով ընտանիք չի կարող պահել` միայն հոգու կանչը կարող է նվիրյալ դերասանին այդպիսի պայմաններում պահել թատրոնում>:
Վերջին տարիներին թատրոնում բարեփոխումներ նույնպես կատարվել են, որոնց մեծ մասը նվիրատվության արդյունքում կատարված աշխատանքներ են: Մի քանի տարվա մեջ թատրոնը համալրվել է լուսային և ձայնային տեխնիկական սարքավորումներով, թարմացվել է գրիմանոցը, հնդերձարանը, կառուցվել է փորձասենյակ, մասնակիորեն լուծվել է շենքի տանիքի և նաև ջեռուցման խնդիրը: <Մովսես Գեորգիսյան> հինմնադրամի միջոցներով արդեն պատրաստ է գեղեցիկ ու հարմարավետ կահավորմամբ 100 տեղանոց փոքր դահլիճը, որտեղ բեմադրվում են տիկնիկային ներկայացումներ: Այն նախատեսված է  նաև մոնոներկայացումների և կամերային փոքր թատրոնների համար:
Ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող հայ թատրոնն այսօր խնդիր ունի գտնելու իր տեղը մշակութային կյանքում: Դրան նպաստեց վերջին տարիների անտարբեր վերաբերմունքը հատկապես  թատրոնի հանդեպ: Հարցերը շատ են, միգուցե արդեն դասականների կողքին նաև հայ արդի դրամատուրգիայի պակաս կար, որով  թատրոնը  այսօրվա շնչով կապրեցներ և,  միգուցե, դա հետաքրքրություն առաջացներ շատերի մոտ, բայց մյուս կողմից էլ, ասում են` թատրոնը դաստիարակելու համար չէ, ու ինչպես Տոլստոյն է ասել. <Իմ գրքերն ամենաշատը մի մարդու են դաստիարակում`ինձ>:

Գայանե Սողոմոնյան


No comments:

Post a Comment