8.6.11

ԳՈՒՄ ՀԿ-ն արդեն տասը տարեկան է...

    Հարգելի' գործընկերներ, 2010 թվականի ավարտին մնացել են հաշված օրեր և մինչ կփորձենք ի մի բերել այս տարվա ընթացքում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները,հասկանալ բացթողումներն ու դրանց հիմնական պատճառները,2010 թվականն արդեն պատմություն կդառնա:
 Նախքան սկսենք պլանավորել եկող տարվա մեր անելիքները, ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանալ, որ 2011 թվականը լինի բարեկեցության, նորանոր ձեռքբերումների ու մեծ նվաճումների տարի:

  Մենք արդեն համոզվել ենք, որ քաղաքացիական հասարակությունը տևական ժամանակահատվածում  կարող է իրողություն դառնալ` ժողովրդավարության զարգացման, հանրության իրավագիտակցության բարձրացման, հասարակության շահերի պաշտպանության մեխանիզմների մշակման և նմանատիպ այլ գործընթացների արդյունքում:
  Քաղաքացիական հասարակության կայացման երաշխիքների որոշակի համալրում ունենք նաև մենք` ՀԿ-ներս:
  Ամփոփելով  2010 թվականի մեր համատեղ գործունեությունը` կարող եմ հավաստիացնել, որ մեր ձեռքբերումներն ավելի շատ էին, քան բացթողումները. անչափ ուրախ եմ, որ հասարակական կազմակերպությունների շրջանում գործընկերային աշխատանքը մշակույթ է դառնում:
 Շնորհիվ մեր համատեղ ջանքերի` հասարակական կազմակերպություններն այժմ ավելի ծանրակշիռ դեր ունեն, ինչպես պետական կառավարման  և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ  հանրության  շրջանում:
  Թերևս նշեմ 2010 թվականին  մեր համագործակցության արդյունքում արձանագրած մի քանի նշանակալի  ձեռքբերումներ:
 2010 թվականին Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի  տարածաշրջանների ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծվեցին "Համայնքային զարգացման աջակցության /ՀԶԱՑ, որում ներառված են 17 ՀԿ-ներ/ և "Ներառական կրթության աջակցության" /ՆԿԱՑ - 13 հասարակական և կրթական կազմակերպություններ/ ցանցեր, որոնք հանդես եկան մի քանի հետաքրքիր նախաձեռնություններով:
  2010 թվականի հոկտեմբերի 2-ին,  ՀԶԱՑ-ի նախաձեռնությամբ, Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններում առաջին անգամ   նշվեց Քաղաքացիական հասարակության օրը: Այն շարժել էր բազում երիտասարդների, երեխաների, ՀԿ-ների ներկայացուցիչների, համայնքաբնակների հետաքրքրությունը:
  Միջոցառումները նվիրված էին  Հայաստանում կամավորականության գաղափարի տարածմանը,  որը շատ լուրջ քայլ էր  երիտասարդների մոտ կամավորականության վերաբերյալ արժեքային համակարգի ձևավորման  գործընթացում և  մեծ առաջընթաց` յուրաքանչյուրիս համար`  քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին:
  Իսկ "Ներառական կրթության աջակցության" ցանցի նախաձեռնությամբ, 2010 թվականաի դեկտեմբերի 4-ին, հաշմանդամության միջազգային օրվա առթիվ հայտարարված միամսյակի շրջանակներում Գորիս և Սիսիան քաղաքներում կազմակերպվեցին  միջոցառումներ և հանգանակություն:  Միջոցառումները նպատակ ունեին խթանել հատուկ կարիքներ ուենցող  երեխաների մասնակցությունն ու  ներգրավվածությունը հասարակական կյանքին և հանրության ուշադրությունը հրավիրել հատուկ կարիքներ ունեցող երեխաների  հիմնախնդիրներին:  Հանգանակությունից ստացված ողջ գումարը /Գորիսում` 404 750 ՀՀ դրամ, Սիսիանում` 582 600 ՀՀ դրամ/ նպատակաուղղվել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար Ամանորյա միջոցառումների կազմակերպմանն ու նվերների տրամադրմանը:
 Նվիրատվությունների հավաքագրման գործընթացը  մեկ անգամ ևս ապացուցեց, որ գնալով մեծանում է հանրության, պետական պատկան մարմինների, գործարարների վստահությունը հասարակական կազմակերպությունների ու նրանց  իրականացրած նախաձեռնությունների նկատմամբ:

 Նշյալ ցանցերի և, առհասարակ, մեր համատեղ գործունեության  ամփոփ արձանագրումները  կարող եք տեսնել "Գործընկերություն և ուսուցում" ՀԿ-ի վեբ կայքում` www.gumiso.am:
  Ուզում եմ շնորհակալություն հայտնել արդյունավետ  համագործակցության համար և  մեկ անգամ  ևս շնորհավորել  ձեր գալիք Ամանորն  ու Սուրբ Ծնունդը:


Լավագույն մաղթանքներով`
                     "Գործընկերություն և ուսուցում" / ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Ա.Տոռոզյան

 

No comments:

Post a Comment