11.4.12

Որ հետո՝ պատեհ ու անպատեհ, մեղավորներ չփնտրենք…



    Ասում են` վատ քաղաքական գործիչներն ընտրվում են ընտրություններին չմասնակցած «լավ» քաղաքացիների կողմից:
  Նման ու, առհասարակ, մի շարք ասույթների մեկնաբանություններն ու  հասարակության ամենալայն շերտերին մտահոգող բազում մտորումներ ավելի են շեշտադրվում երկրում սպասվող այնպիսի լուրջ իրադարձության շեմին, ինչպիսին Ազգային ժողովի ընտրություններն են
    Առջևում ԱԺ ընտրություններն են. երկրում կրկին հասարակական-քաղաքական  մթնոլորտը թեժացել է, ժողովրդի մեջ կրկին անհանգստություն ու անորոշություն է նկատվում: Ակամայից բազմաթիվ հարցեր ու անորոշ պատասխաններ են խաչվում, օրինակ՝ որքանո՞վ է հայ ընտրողն այսօր պատրաստ նախ` գիտակցելու իր ձայնի արժեքը, հետո` ճիշտ կողմնորոշվելու և ընտրելու այն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների  ներկայացուցիչներին, ովքեր կկարողանան հոգալ իր, իր ընտանիքի, իր երկրի անվտանգությունն ու  բարեկեցությունը:
     Կամ կկարողանա՞  արդյոք այս  անգամ հայ ժողովրդը դրսևորել իր կամքը, թե կրկին ժողովրդավարական արժեքներն իրենց տեղը կզիջեն խմբային և հատվածական շահերին
     Հարցեր, որոնց պատասխանները դեռևս գտնվում  են սոսկ ենթադրությունների տիրույթում:
   Մեր հասարակության որոշակի զանգվածն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում  ու ինտենսիվորեն հետաքրքրվում ընտրական գործընթացներով, որոշակի զանգվածն էլ, առհասարակ, չի հետաքրքրվում քաղաքականությամբ և  անտարբեր է քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ:
  Եվ այս` քաղաքացիական նկարագրով ու դիրքորոշումներով  տարակարծիք  հանրության ֆոնին  ողջունելի է, որ կան հասարակական կազմակերպություններ, որոնք ջանում են, որ ժողովուրդն ավելի իրազեկված լինի, կարևորի իր քվեի արժեքը, համոզված լինի, որ մեկ ձայնն էլ կարող է վճռորոշ  լինել ընտրապայքարում:
   Սյունիքի մարզի  մի շարք ՔՀԿ-ներ անցյալ տարի ակտիվորեն մասնակցեցին նաև Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին, հանդես եկան Ընտրական օրենսգրքի բարելավմանն ուղղված առաջարկություններով:
     Այժմ՝ ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջերկրում տիրող քաղաքական ակտիվ զարգացումներին զուգահեռ ընտրական գործընթացներում քաղաքացիական մասնակցության ու իրազեկության բարձրացմանն ուղղված ակտիվ  նախաձեռնություններով են հանդես գալիս նաև Սյունիքի   մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները:
       «Կամք պլյուս» թերթն  ինչպես  իր սույն, այնպես  էլ  առաջիկա 3 թողարկման մեջ անդրադարձ կկատարի Սյունիքի մարզի ՔՀԿ-ների կողմից իրականացվող  նախաձեռնությունների զարգացումներին ու արձանագրած  հաջողություններին:
ԽՄԲ

No comments:

Post a Comment