11.4.12

Իրազեկ ու ակտիվ մասնակցությամբ դեպի գիտակցված ընտրություններ…



***
   «Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն  Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ  2012թ. մարտի 1-ից հանդես է գալիս «Ակտիվ քաղաքացիներ-զարգացած համայնքներ» ընտրական նախաձեռնությամբ, որի նպատակն է նպաստել ՀՀ թիվ 38 ընտրատարածքում (Սյունիքի մարզի Կապանի և Մեղրու տարածաշրջաններԱԺ ընտրությունների օրինականությանը` խթանելով քաղաքացիների իրազեկությունը և ակտիվ մասնակցությունը:
   «Որպես քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություն՝ մենք պարզապես չենք կարող անտարբեր մնալ երկրում  կատարվելիք այնպիսի լուրջ իրադարձությունների  նկատմամբ, ինչպիսին ԱԺ ընտրություններն են: Այդ իսկ պատճառով  էլ ԱԺ ընտրություններին մենք հանդես կգանք դիտորդական առաքելությամբ՝ նպաստելով ընտրությունների  թափանցիկությանն ու օրինականությանը, ինչպես նաև կիրականացնենք  քաղաքացիների  իրազեկության և ակտիվ մասնակցությանն ուղղված մի շարք գործողություններ»,-ասում է ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը:
  Նախաձեռնության շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն կիրականացնի ԱԺ ընտրությունների ընթացքի դիտարկում ՀՀ թիվ 38 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սյունիքի մարզի Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում տեղակայված 76  ընտրատեղամաս:
   Վերոնշյալ տարածաշրջաններում իր գործունեության  արդյունավետությունն ու  լուսաբանումը կազմակերպելու նպատակով ս/թ. մարտի 1-ին ԳՈՒՄ ՀԿ-ն համագործակցության հուշագրեր է կնքել «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն», «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ների և «Կամքթերթի հետ:
Համագործակցության հուշագրերի շրջանակներում ՀԿ-ները պատրաստակամություն են հայտնել  աջակցել  «Ակտիվ քաղաքացիներ-զարգացած համայնքներ» նախաձեռնության բարեհաջող իրականացմանն իրենց տարածաշրջաններում:
    Նախաձեռնության շահառու համայնքներում արդեն հավաքագրվել են ակտիվ երիտասարդներ՝ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: ԳՈՒՄ ՀԿ-ն դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն հայտնած երիտասադների համար կիրականացնի վերապատրաստման դասընթացներ:
     Համապատասխան դասընթացներն անցնելուց հետո դիտորդության թեկնածուները կհավատարմագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: ԱԺ ընտրությունների օրը Կապանի և Մեղրիի  տարածաշրջանների յուրաքանչյուր ընտրատեղամասում կաշխատի  համապատասխան հավատարմագրում անցած 2 դիտորդ:
     Նախաձեռնության ընթացքում  Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան և Մեղրի քաղաքներում կկազմակերպվեն հանդիպումներ  ԱԺ ընտրություններին մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի և մեծամասնական թեկնածուների հետ: ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից  կպատրաստվի  շահառու համայնքներում վերհանված համայնքային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որը հանդիպումների ժամանակ կներկայացվի  թեկնածուներին՝ իրենց նախընտրական ծրագրերում դրանք ներառելու և հետագայում համապատասխան լուծումներ տալու նպատակով:
         «Կամքթերթը նախաձեռնության իրականացման ողջ ընթացքում կապահովի ինչպես ԳՈՒՄ ՀԿ-ի, այնպես էլ Սյունիքի մարզի մյուս ՔՀԿ-ների կողմից իրականացվող նախաձեռնությունների լուսաբանման գործընթացները՝ բարձրացնելով  բնակչության իրազեկությունը տեղի ունեցող  զարգացումների վերաբերյալ:

  
***
      «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» (ԻՏԵԿ) ՀԿ-ն  ս/թմարտի 1-ից  Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Գորիս և Կապան քաղաքներում մեկնարկել է  «Արդար ձեռքերով, արդար ընտրություններ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի երիտասարդության ներգրավմամբ նպաստել արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը
     Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Գորիս  և Կապան քաղաքներում երիտասարդների օգնությամբ բարձրացնել  առաջին անգամ ընտրության մասնակցող երիտասարդների իրազեկվածության աստիճանը ընտրական իրավունքների վերաբերյալ: Գորիս  և Կապան քաղաքների  բարձրագույն ուսումնական հաստատություններից (Գորիսի պետական համալսարան (ԳՊՀ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ (ՀՊՃՀԿՄ)) կընտրվեն  ուսանողներ (յուրաքանչյուր քաղաքից 15 ուսանող), որոնց համար կիրականացվեն   ընտրական իրավունքների վերաբերյալ երկօրյա դասընթացներ: Դասընթացներից ստացած գիտելիքները երիտասարդները կտարածեն իրենց ընկերների և մյուս ուսանողների շրջանում:
     «Ժողովրդավար ընտրություններ անցկացնելու հիմնական պայմաններից մեկը մարդկանց իրազեկումն է, որպեսզի տվյալ ընտրողը հաստատ համոզված լինի, որ իր ձայնը կարևոր է: Մեր այս  նախաձեռնության  առանցքում առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդներն են, որոնց  իրազեկելու   պատասխանատու գործից է կախված մեր երկրի վաղվա օրը»,- համոզված է «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարատ Դադունցը:
   Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև դեբատների կազմակերպում` ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների, մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների և երիտասարդների մասնակցությամբ: Կկազմակերպվեն նաև ընտրական իրավունքների իրազեկման բարձրացմանը նպաստող ֆլեշ-մոբեր, բացօթյա բեմականացումներ: Ծրագրի ընթացքի վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկություններին կարելի է ծանոթանալ www.itekngo.com:

***
   Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը  2012թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ հանդես է գալիս  ընտրական նախաձեռնություններով:
   «Լսել, սովորել, խոսել, դիտարկել` խթանելով կին ձեռնարկատերերի և երիտասարդների մասնակցությունը ԱԺ ընտրություններում» նախաձեռնության շրջանակներում հիմնադրամի գործունեության հիմքում Սյունիքի մարզում գործարարությամբ զբաղվող կանանց  հիմնախնդիրներն են, բիզնես միջավայրի հնարավորություններն ու խոչընդոտները  
     Հիմնադրամը մարզի 400 կանանց շրջանում իրականացրել է հետազոտություն` գնահատելու ձեռներեցության զարգացման հնարավորությունները և խնդիրներըառկա օրենսդրական պայմաններում: Հաշվի առնելով ուսումնասիրության շրջանակներում բացահայտված խնդիրները` մարզի տարբեր քաղաքներում կազմակերպվել են  քննարկումներ` գործարար կանանց, ոլորտի պատասխանատուների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Արդյունքում մշակվել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկ-փաթեթ և ներկայացվել Աժ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` իրենց նախընտրական ծրագրերում այն ներառելու համար: Ծրագրի ընթացքում  նախատեսվում է իրականացնել նաև դիտորդական առաքելություն:  «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ԱԺ 2012թ. ընտրությունների ժամանակ  դիտորդական առաքելություն կիրականցնի Գորիս քաղաքի 9 և տարածաշրջանի 22 գյուղական համայնքների ընտրատեղամասերում, կներգրավի 75-ից ավելի դիտորդ: Նախաձեռնությունն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն նպատակ ունի  ապահովել հասարակական լայն շերտերի մասնակցությունը 2012թ. կայանալիք ԱԺ ընտրություններում` կարևորելով հատկապես երիտասարդների և կանանց դերը հասարակական կյանքում:
       «Առաջիկա ընտրությունները Հայաստանի համար կարևոր դերակատարում  կունենան,   ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավածությունը երկրի համար կարևոր այդ գործընթացումԱյս առումով, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը կարևորում է հանրության ակտիվ մասնակցությունն ու հետևողականությունը: Առաջիկա ընտրությունները որոշիչ են լինելու նաև ժողովրդավարական գործընթացների զարգացման առումով»,-ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը:
      Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի երկրորդ ընտրական ծրագիրն իրականացվում է  ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, որը ևս ուղղված է դիտորդական առաքելության իրականացմանը: Նախաձեռնությունը կիրականացվի  ՀՀ  5 մարզի` Սյունիք, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Գեղարքունիք, 19 քաղաքային և 6 գյուղական համայնքներում, որի նպատակն է խթանել մարզերի երիտասարդների մեջ քաղաքացիական ակտիվությունը և հասարակական կյանքին ներգրավվածությունը: Ծրագրի շրջանակներում ընտրված 50 երիտասարդ Գորիս և Արմավիր քաղաքներում կանցնի համապատասխան վերապատրաստման դասընթացներ և հավատարմագրվելուց հետո կիրականացնի դիտորդական առաքելություն:

***
        Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ու «Սիսիանի զարգացման կենտրոն» ՀԿ-ները  հանդես են գալիս ԱՄՆ ՄԶԳ ՔԻ կողմից ֆինանսավորվող «Հանրային Դիտորդ 2012»  կոալիցիոն նախաձեռնությամբ, որի շրջանակներում 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում որպես տեղական դիտորդներ կիրականացնեն դիտորդական առաքելություն:
      «Դիտորդությունը մի գործընթաց է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ազատ, թափանցիկ և օրինական ընտրություններ: Դա է այսօր երկրի առջև ծառացած գերխնդիրը, և ընդամենը մի քանի տասնօրյակից պարզ կդառնա` արդյոք մոտեցել ենք խնդրի լուծմանը…. »,- ասում է «Սիսիանի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սասուն Ներսեսյանը:
    Դիտորդական առաքելության իրականացման նպատակով արդեն իսկ հավաքագրվել է մոտ ութ տասնյակ երիտասարդ կամավոր: Նրանք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով մասնագիտական վերապատրաստումներից հետո կստանան համապատասխան վկայականներ և ավելի քան 35 ընտրատեղամասում ընտրական գործընթացները կդարձնեն ավելի վերահսկելի, արդար ու թափանցիկ: Վերապատրաստումներից զատ դիտորդների համար նախատեսվում է տեխնիկական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցության տրամադրում: «Հանրային Դիտորդ 2012» ծրագրի գործունեության տարածքը ընդգրկում, բայց չի սահմանափակվում Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով, որում ընտրողներն արդեն շատ լավ են ճանաչում երկու կազմակերպությունների խորհրդատուներին և կամավորներին: Սկսած 2007 թվականից բոլոր ընտրությունների ժամանակ ՍԶԿ և ՄՓՈՒԳԿ հասարակական կազմակերպությունները եղել են ընտրողների կողքին` մատուցելով խորհրդատվություն, իրականացնելով ընտրացուցակների ճշգրտում, կազմակերպելով հանրային իրազեկման սեմինարներ, ֆորումներ, համաժողովներ և որպես դիտորդ՝ աջակցելով ընտրական գործընթացների թափանցիկությանն ու վերահսկելիությանը:
  Ծրագրի ընթացքում նախատեսված է լայն համագործակցություն տեղական ոչ քաղաքական այն կազմակերպությունների հետ, որոնք կաջակցեն ընտրական գործընթացները դարձնել ավելի արդար, թափանցիկ և ժողովրդավարական:
Գայանե Սողոմոնյան, Սոնա Բաղդասարյան

No comments:

Post a Comment